Այսօր խորհրդարանը շարունակել է քննարկել գազի սակագնի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, որում, ըստ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի, միայն «վատ լուրեր» կան: «Ամենավատ լուրն այն է, որ Հայաստանի սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար: Սա բացատրվում է անխուսափելի կորուստներով, տեխնոլոգիական կորուստներով, բայց երբ նայում ենք ՈՒկրաինայի օրինակը, եթե լինեինք ՈՒկրաինայի սպառող, այդ կորուստների համար կվճարեինք 9 մլն դոլարից ավելի պակաս: Ոչ մի ներդրում կորուստները կրճատելու համար չի արվում, նշանակում է՝ այդ կորուստներն ինչ-որ մարդկանց ձեռնտու են, ինչ-որ մեկի կոնկրետ գրպանը գնում է»,- հայտարարեց պատգամավորը` հավելելով, որ քաղաքացին իրավունք ունի կասկածելու, որ իրեն տալիս են սահմանվածից ցածր կալորիականությամբ գազ:
«ՀՀ-ում որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել, որ մեր տներում տեղադրված գազի հաշվիչները ճիշտ են հաշվում՝ ոչ, չի կարող: Չափագիտության ազգային ինստիտուտը, որը իբր թե պետք է վերահսկի, ըստ էության կոմերցիոն հարաբերությունների մեջ է «Գազպրոմ Արմենիայի» հետ: Տարեկան 170 մլն-ից գուցե ավելի փող է ստանում, կոմերցիոն գործընկերներ են և ընդհանուր շահեր ունեն: Թալանն էլ ո՞նց է լինում: Կարո՞ղ է թալանն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը մտնում են մեր տները ու դիվանի մի ծերից մեկն է բռնում, մյուսից՝ մեկը ու տանում են: Հետո էլ պարծենում են, թե Ռուսաստանի հետ շահավետ պայմանագիր են կնքել: Ռուսն էլ ըտենց փափախով թուրք էր, դուք էլ ըտենց շուստրի եք, նաղդել եք: Էդ նույնն է, որ փողոցում մարդու վրից շալվարը հանեք, ծախեք, հետո ասեք՝ 50 դրամ արժե, 300 դրամով ենք ծախել: Հա, բայց մարդը մնացել է առանց շալվարի: Ինչ ուզում է, թող արժենա»,- պնդեց Նիկոլ Փաշինյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ